Պատմություն

Արցախ


Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կամ Արցախ՝ չճանաչված հայկական պետություն Հարավային Կովկասում։ Արցախի Հանրապետությունն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև ճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գրեթե միացված է Հայաստանին: Վերջինը ապահովում է Արցախի անվտանգությունը: Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է: Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։